?

Log in

No account? Create an account

Ծով

Ծով
խոսի՛ր ինձ հետ քո տեսած
հրաժեշտների մասին,
որ շարահյուսն են նույն բառերի,
այն նույն սերերի, որ երդումներ են
Հավերժի անունից,
բայց ծանոթ դեմք են, թե հայտնվեն նույն մայթին
(ինչքան կարճ է այդ հավերժ ասվածը՝ վեց տառ)
երեքը քեզ, երեքը՝ նրան,
երեք հավասար քայլ
դեպի ուղղություններ հակառակ՝
մեր պատկերացրածից էլ այս փոքր աշխարհում...

Ծով,
դու անգամ քո գույնը չունես,
բայց ինձ գայթակղել ես քո անսպառ կապույտով,
որ պարզվեց՝ երկինքն էր հեռու,
դու երբեք նույն ալիքը չունես,
ծով,
բայց ինչո՞ւ ես միշտ նույն պատմությունը
պատմում ինձ,
որ ես վախենամ լողալ քո մեջ,
քանզի գիտեմ փրփուրներից այլևս
աստվածուհի չեն ծնվում,
ծով,
միշտ վախեցել եմ հեռվում երևացող ալիքներից
ու սարսափից է, որ երգերդ
անգիր երբեք չեմ սովորել

(թերևս, միայն քնելն է ստացվում անփարոս այս ափերին)
Ծով,
ների՛ր ինձ
սա նորից իմ փոթորիկն է
անքամի այս օրերին...

Պիտակներ:

Վերադարձի՛ր հաճախ ու տա՜ր ինձ,

հարազատ իմ հույզ, դարձիր և տա՜ր ինձ,

երբ արթնանա հուշն առ մարմինն իմ,

և հին տենչը արյանս մեջ հառնի,

երբ շուրթերս ու մաշկս նորից հիշեն,

և ձեռքերիս թվա, թե գիրկ են բացում նորեն:



Վերադարձիր հաճախ և տար ինձ այս գիշերաժամին,

երբ շուրթերս ու մաշկս նորից հիշեն:



Հունարենից թարգմանությունը՝ Մարիա Լազարևայի

Պիտակներ:

Հիմա գիտես. լեռները չեն կարող մեզ
բաժանել: Եվ դու հեռանալով ես գալիս:
Եվ ես հեռանալով եմ գալիս: Եվ չկա այլ տեղ
մեզանից դուրս: Եվ քամին
հպումն է մեր ձեռքերի:
Քանզի ճամփորդում ենք
դու՝ դեպի հյուսիս, ես՝ դեպի հարավ`
նայելով արևին, այսպես մեկս ունենք մյուսին
մեր կողքին:

Հունարենից թարգմանությունը՝ Մարիա Լազարևայի

ΚΑΙ ΦΕΥΓΟΝΤΑΣ ΕΡΧΕΣΑΙ
Τώρα το ξέρεις: τα βουνά δεν μπορούνε
να μας χωρίσουν. Και φεύγοντας έρχεσαι.
Και φεύγοντας έρχομαι. Δεν υπάρχει άλλος χώρος
έξω απ’ το χώρο μας. Κι ο άνεμος είναι
η αφή των χεριών μας.
Καθώς ταξιδεύουμε,
εσύ στο βορρά, εγώ προς το νότο,
κοιτώντας τον ήλιο, ο καθένας μας έχει
τον άλλο στο πλάι του.


Եվ որովհետև

…Եվ որովհետև այդ սերը
բարդ էր,
սիրելը նման եղավ
սխրանքի:

Իմ արևաշող սեր,

ես պիտի թել-թել
հիշեի գիծը դեմքերիդ,
գույնը մազերիդ
և այն կարմիրը շեկ,
որ ես էի հայտնաբերել քո մեջ
հին աշխարհում մի օր,
գույնը աչքերիդ, որ նայում էին
ուր ասես, բացի ինձանից,

իմ արևաշող սեր,
իսկ հետո դու պիտի գայիր,
որ քո ոտնահետքերը թողնեիր
իմ քաղաքներում
և մատնահետքերդ՝ իմ մարմինների վրա

միայն նրա համար, որ այս կյանքում
մի գարուն էլ կոչեինք մեր անունով,
որ իմ հաշվարկները զրո դառնային,
անձրևների մեջ, թաց, խռոված՝
մենք,

մենք, որ մի օրում
երկու տարվա կյանք բեմադրեցինք
կամ թե ավելին,

որ ես նորից խելագարի նման բարձր
գոռայի,
ու դու մտածեիր, որ լավ էր ազատվելը
այս կործանարար հողմապտույտից,
որ ես անձրևներ լացեի, ու դու նորից լռեիր,
որովհետև «այն» ասելու բան չէր,
ինչպես չէր եղել և առաջներում,
որովհետև ես իմ գոռոցով խլացնում էի
քո ձայնը,
որ չլսեի «այդ», ու ասեիր «այն»,
որովհետև ես սարսափելի վախենում էի,
որ այս քաղաքներից էլ քո հոտը կգա,
ինչպես որ գալիս է,
որ նեղ չինական աչքերում անգամ քո պատկերն եմ ես փնտրելու,
որ հացի ճամփան նույնը չի լինելու անգամ անձրև օրերին,

իմ արևաշող սեր,
ես միշտ խաբել եմ քեզ իմ թեթև քաշով,
բայց սիրտս ավելի ծանր է.
գիշերները ես սահում եմ տանիքներից, որոնցից
նկուղի հոտ է գալիս,

և իմ սեր, մենք այն օրը
նույնանուն բևեռներ էինք, որ չձգեցինք իրար,
չձգեցինք մինչև արշալույս սիրել
ու մինչև մայրամուտ աղոթել մեզ համար,


որովհետև մեր սերը բարդ է այնքան,
որ սիրելը նման է սխրանքի:

Իոաննինա, 2018

Պիտակներ:

ձմեռ

կողպեքների միջով եկար, տղաս
բանալու պես պտտվեցիր իմ ներսում
և ինչ տներ բացվեցին մեր առաջ
ինչ քաղաքներ  
լողավազաններ փակ-կապույտ

դու
արթնացրիր
ծովեր իմ ներսում
և ներիր, որ կռիվներ էի անում
ու գոռգոռում անհասկանալի բառեր
լեռնային քնած հովիտներում,
տափաստանների մեջ, ուր վազում էին մենակ առյուծներ
ես այդպես սիրել էի սովորում
ես այնքան սիրում էի քեզ սիրել
սավաննաներում,
ուր աճում էին ճերմակամորթ կանայք,
և բամբակի դաշտերն ու լավանդաները շնչող
հավաքում էին կանանց ու լցնում զամբյուղների մեջ
հետո այդ կանանցից ծածկոցներ էին գործում
ու մենք քնում էինք փաթաթված կանանց մեջ

ամռանը քո հոտը կորում էր, ձմռանը ես շնչում էի քեզ
ես շնչում էի ձմռանը, սիրելիս, ու լացում կորուստներիս համար,
որ բաներ էին անկարևոր, մանր ու մեծ

ծովային քամու պես ազատ էիր ու գեղեցիկ, երբ եկար,
ինչ-որ մեկը չարենց էր կարդում, հավանաբար նավզիկեն, չեմ հիշում լավ,
կանայք մեր կողքին էին, իմ տղա,
և որքան ներող էին նրանք, անվերջ մայր՝ հինգ տարեկանից սկսած

քո մատներում ամառ էր, օգոստոս
և գե՛տը, գե՛տը, գե՛տը,
պնդում էիր, որ պետք է կտրել
և սիրտը քո ցավում էր քաղաքի հեղձուկում
և պատրաստ էիր
րոպե առաջ
գործել հերոսական արարքներ
բայց մեր կողքին, սիրելիս, ներող կանայք էին նստած
և նրանք ևս ունեին
ցանկություններ՝ կապված երեխաների հետ ու տան

տղաս, ես այդ օրը չեմ հիշում, բայց դու կրկնում էիր անվերջ,
որ ես նուրբ էի ու համարձակ,
և անվստահ հպվեցի ձեռքով
մաշկիդ,
որ խշշաց ավազե

ձյուների միջով մեզ տարար, տղաս, անզգույշ ձմեռների
և նարինեն կրկնում էր՝ մեր գլուխը չուտես
լիլին շոյում էր գլուխս
աննան ամեն ինչ գիտեր

կողպեքների միջով եկար, տղաս
ու գրկիցդ բաց չթողնելով՝ շշնջում էիր, որ նման եմ հունական արձանի
և ներող էիր կնոջ պես,
թեև ցանկություններ չունեիր՝ կապված երեխաների հետ ու տան

ավազե ժամացույցի պես պտտեցինք իրար
ու լցվեցինք իրար մեջ հորդահոս
հիմա պատերազմ-պատերազմ ենք խաղում, տղաս
և այն, ինչ սկզբում անվանում էիր քնքշանք,
հիմա այլ անուններով ես կոչում,
ու սիրտս շնչահեղձ է լինում,
երբ քանդված
տանիքին
եմ
նայում

տղաս,
հեռացրու այն, ինչ հեռու է,
մոտեցրու այն, ինչ մոտ է մեզ

ու եթե անկարող լինես նետել սովորույթի այդ շղթան
փամփուշտի պես արձակիր մարմինս
ձյուներով
հղի
քաղաքում
դեկտեմբերյան մի օր
և հեռացրու ինձ մարմնից քո ուրիշ
և թող ինձ անտեր վերջապես
հրացանից արձակված փամփուշտի պես


հասմիկ սիմոնյան

Պիտակներ:

քեզ

ես չեղա նավզիկե քեզ համար
չնայած երբ էլ դու եկար
եկար քրտնած ու թաց
ոսկորներիդ մեջ պտտահողմ տեսա, ալիքներ
թափառող
թափառիկ` պես մարդու մեռած հիշողության

ինչ կար քեզանից
գարուն ամառ աշուն
անկիսելի քաղաք պստիկ-մստիկ ցույցերով
և անշարժ աստվածներ սայլակում հաշմանդամի

ինձնից մի մարմին կար` որբանոց գրքերի
դու անտեր գրքի պես լուսնային մի գիշեր ոռնացիր երկար
ու ես գնացի
փնտրելու իմպեսներին

բայց ում էլ որ գտա
եկավ անձրևի հետ` աստվածային խաղաղ, անմարդկային կրքոտ

ու լուսնային մի գիշեր
երբ մինի աստված էի` միայնակ ու դժբախտ
ես հիշեցի ոռնոցդ քրքրված ու անտուն

քեզ բացեցի կամաց որ մաշված էջերդ հանկարծ չցավեցնեմ
ու կծկվեցի քո մեջ
ինչպես հարազատ դագաղում

գիրք իմ որ իմը չես

դու չեղար նավզիկե ինձ համար
չնայած ես միշտ եկա
որ մատներդ շոյել սովորեն ու աչքերդ դատարկ չմնան

ու լուսնային մի գիշեր երբ պտտահողմ ելավ
և ալիքներ բարձրացան
ես ջրհեղեղ ուզեցի ու բառը` իբրև նավ
ինձ բերեց քեզ մոտ
քեզ տեսնելու համար և սակայն չունենալու

գիրք իմ որ դու ես ու ես չեմ
գիրք իմ որ այդքան ես եմ
ներիր իմ սխալները
ես սովորական աստված եմ` ամեն քայլափոխի հանդիպող
վառիր աստղը քո կղզու
որ լուսնային այս գիշեր
ոսկորներիս պտտահողմը ավազներդ մաքրեն


հասմիկ սիմոնյան

Պիտակներ:

Այս լուսամուտները

Այս լուսամուտները՝
մաքուր,
թափանցիկ,
այդ իմ աչքերն են
մշուշվել,
ու էլ ոչ մի պատերազմ աչքիս
չի գալիս

(պատերազմը մեր,
տեսա՞ր,
անհերոս մնաց)

Եվ այս գետերը՝
կոր արահետներ
չեն լվանալու
արյունները
ընկած զինվորների,
կշրջանցեն,
կհոսեն դեպի սահմանը
օտար պետությունների

(չէ, իմ ու քո)

խառնվելով երկրներին ու երկինքներին,
ուր պատերազմներ չկան,
և խաղաղությունը մարդկանց
ոտքի հետ է գնում:

(դու իմ անհերոս պատերազմ)

Թող ես վայր դնեմ
զենքերս,
որ չունեի
և խաղաղությունը կոչեմ
մի չտեսնված, չլսված անունով,
որով կնքում են չծնված
երեխաներին…

Մինչդեռ
այս լուսամուտները
մաքուր են
ու շատ թափանցիկ,
այդ իմ աչքերն են
մշուշվել
աղեկտուր ծովերից:


Իոաննինա, 2018


Պիտակներ:

Արագիլները մի վերջին անգամ
շփոթեցին գարունը,
և ի՛մ ճամփաներն էին, որ
ծռվեցին հարավ,
որտեղ ոչինչ չկար,
որ քեզ հիշեր,
չկար ոչինչ,
որ խոսեր ինձ հետ
քո մասին:

Իմ պատմությունը հոսեց
հյուսիսից մի թեք ճամփով
ի վար,
ի վար,
ի վար
իմ պատմության մեջ
անունը քո միահյուս
լույսը
նորից ի վար,
ի վար

ես այս ինչո՞ւ եմ նորից
ետ դառնում՝
քեզ ընդառաջի փոխարեն

(թե անունս տայի՜ր)

իմ կորած անունը՝
հյուսիսային ճանապարհն
ի վար…

Տող-տող ես կերպվեցի
բանաստեղծությունն այն
քո չսիրած գրքի,
որ նորից հոսեի
ի վար,
այս ինչքան վար կար
օտարացած այս լամպերի,
կանգառների մեջ,
իմ մոռացված անունի
մի վերջին անգամ չհնչած անունի,
անսեր առավոտների,
մեկտեղանոց առավոտների,
անշտապ առավոտների,
որ էլ թաքցնելու ոչինչ չունեմ…

Ես ապրել էի այդ լույսերի մեջ,
ինչպես բանաստեղծությունն այն
քո չսիրած
յոթանասուներորդ էջի:

Երևան 2017


 

Պիտակներ:

Մենք փոխում ենք մեր հասցեները
և լուսամուտները
մեր հոգիների

Քամիներն այս երբվանի՞ց
դարձան այսքան
սաստիկ,
այսքան քշող,
այսքան սրբող,
ծովերն՝ այսքան
սովորահամ,
և հողն այսքան
անգույն…

Մենք փոխում ենք
մեր հասցեները:

Եվ բևեռները երկու
հաստատ
չեն միանալու,
և սարի մոտ ոչ ոք
չի գնալու
անգամ ուխտի

Առաջներում այնքան
հեշտ էր երազանք պահելը
(մինչդեռ ընկնողը
երկնաքարեր էին՝
առանց բախտի)

և հաշտ էր այնքան մեր ապրելը
խորը պահված երազանքների
կորստին

Մենք փոխում ենք
մեր հասցեները:

Եվ փոխում ենք
տները մեր,
ուրիշ թաղերում
փնտրում դռներ
ծանոթ,
բաց

ու անդարձ

փոխել ենք
անունները մեր
և անհետ
քամիներին խառնվել:

Մեզ փոխել են քամիները:



Իոաննինա, 2017

Պիտակներ:

Отодвинув мечты и устав от идей,
Жду зимы, как другие не ждут.
Помнишь, ты обещал, что не будет дождей?
А они всё идут и идут…
Удивлённо смотрю из квартирных окон —
Я во сне или всё ж наяву?
Помнишь, ты говорил, что вся жизнь — это сон?
Я проснулась, и странно, живу…
А назавтра опять мне играть свою роль,
И смеяться опять невпопад.
Помнишь, ты говорил, что любовь — это боль?!
Ты ошибся, любовь — это ад!

Анна Ахматова

Պիտակներ:

Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow